Այսօր` նոյեմբերի 3-ին նշվել է Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Վահան գյուղի մանկապարտեզի վերանորոգման ավարտը: Այն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի (ՓԵՎԾ) շրջանակներում` CHF եւ «Շեն» ԲՀԿ-ի կողմից:
Միջոցառմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության ծրագրերի գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Շերիլ Գրոսմանը, Վահանի գյուղապետ Գուրգեն Բալյանը, ԱՄՆՄԶԳ/Հայաստանի առաքելության, Սի Էյջ Էֆ/ Հայաստանի, Շեն ԲՀԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաեւ գյուղի համայնքը:
ՓԵՎԾ-ի շնորհիվ համայնքի 17 անձանց համար ստեղծվել են կարճաժամկետ աշխատեղեր` ապահովելով 1395 օր զբաղվածություն, իսկ 7 անձինք մշտական աշխատանքի կանցնեն մանկապարտեզում որպես տնօրեն, հաշվապահ դաստիարակներ, խոհարարներ եւ հավաքարարներ:
Մինչ տարվա վերջը ՓԵՎԾ-ը Հայաստանում կիրագործի առաջնահերթություն ունեցող գազի եւ ջրի մատակարարման համակարգերի, սպորտդահլիճների եւ մանկապարտեզների վերանորոգման 48 ծրագիր:
Ներկայումս ՓԵՎԾ-ը իրականացնում է նաեւ խմելու ջրի համակարգերի վերականգնում Անտառամեջում, Կալավանում, Մեծ Մասրիկում, համայնքային կենտրոնների վերանորոգում Ավազանում, Դպրաբակում, Գետիկում, Տորֆավանում, կամուրջի եւ արտաքին լուսավորության վերակառուցում Թթուջրում եւ Փամբակում: Գեղարքունիքի մարզում որպես ամերիկյան կառավարության ներդրումների մի մաս ՀՄԸ Հայաստանը վերականգնում է երկու պոմպակայաններ Զոլքարում եւ Մարտունիում, ինքնահոս ջրանցք Վարդենիսում եւ երրորդ կարգի ջրանցքներ մարզի 9 այլ համայնքներում:





























