«Ժառանգություն» կուսակցության անդամները միշտ միասնական են եղել, իսկ կուսակցության անցած ճանապարհը՝ միշտ օրինակելի: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

«Այս մի քանի օրերի ընթացքում լրատվամիջոցների կողմից իմ գործընկերների վերաբերյալ տարածվել է ակնհայտ սուտ` վիրավորական եւ զրպարտչական տեղեկատվություն:

Տեղեկացնում եմ, որ շուրջ 10 տարի լինելով «Ժառանգություն» կուսակցության անդամ, համատեղ կուսակցական գործունեություն եմ ծավալել արժանապատիվ կանանց եւ տղամարդկանց հետ:

Ես ունեմ եւ կարող եմ ունենալ տարակարծություն Արմեն Մարտիրոսյանի հետ, սակայն նա ունի հրաշալի դաստիարակություն, որպեսզի, չկիսելով իմ կարծիքը, հարգի այն:

Իսկ ինչ վերաբերվում է տիկին Անահիտ Բախշյանի հասցեին արված հայտարարությանը, ապա նշեմ, որ տիկին Բախշյանը, նույնպես շուրջ 10 տարի լինելով քաղաքականության մեջ, ոչ միայն առանցքային դերակատարում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներսում, այլեւ ընդհանուր հայկական քաղաքականության մեջ` կոտրելով կարծրատիպերը եւ օրինակ ծառայելով երիտասարդ կանանց համար:

Անկախ այն հանգամանքից, երբ այսօր որոշում կայացնելու համար մենք տարակարծիք ենք եւ հնարավոր է բաժանվենք, մեր համատեղ անցած քաղաքական պայքարի ճանապարհը ոչ միայն եղել է օրինակելի, այլեւ հենց այս հրաշալի բանաձեւի մեջ` «Մեկը բոլորի համար, բոլորը` մեկի»: Ես շնորհակալ եմ ճակատագրից, որ իմ կյանքի այս անցած 10 տարիներն անցել եմ իրենց հետ»,-գրել է նա: