Արցախում կրտսեր սերժանտի կողմից 1 շաբաթ առաջ հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանը քիչ առաջ Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասաց Հորբատեղի գյուղապետ Գագիկ Սանդրոսյանը՝ նշելով, որ Գուրգենին տեղափոխել են ուղղաթիռով: Գյուղապետի խոսքով՝ սպասել են, որպեսզի Գուրգենի վիճակը մի քիչ կայունանա եւ նոր տեղափոխեն Երեւան եւ նրա ճնշման կարգավորվելուց հետո կարողացել են ուղղաթիռով հասցնել Երեւան:
Ըստ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, նախնական տվյալներով, ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել 2017թ. հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում՝ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:
Զենքի հետ վարվելու կանոնները խախտելու, մարդու առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:



























