Բաքվի կենտրոնում երիտասարդ նկարիչ է դաժան ծեծի ենթարկվել

Vesti.Az–ը հաղորդում է, որ ադրբեջանական YARAT ժամանակակից արվեստի միության անդամ, նկարիչ Բաթունայ Հագվերդիեւի վրա հարձակվել են անհայտ անձինք։ Նախօրեին նա դուրս է եկել իր տան պատշգամբ եւ դարձել տհաճ տեսարանի ականատեսը։

Անհայտ անձը՝ թիկնապահների ուղեկցությամբ, ման էր տալիս իր շանը եւ փորձել էր իր կենդանուն ուղղել անտուն մի շան վրա։ Հագվերդիեւը իջել է բակ եւ փորձել միջամտել՝ պաշտպանելով թափառող շանը։ Ի պատասխան բռնկվել է վեճ Բաթունայ Հագվերդիեւի եւ 3 թիկնապահների միջեւ, արդյունքում՝ անգիտակից նկարիչը տեղափոխվել է հիվանդանոց։

Տուժածի մայրը Հագվերդիեւի վիճակը «անբավարար» է գնահատել եւ հրաժարվել որեւէ մանրամասներ հաղորդել միջադեպից։ Բաքվիի Յասամալիի շրջանի ոստիկանության բաժնի քննիչ Էլդար Միրզաեւը հայտնել է, որ Հագվերդիեւին դաժան ծեծի ենթարկող անձինք առայժմ չեն հայտնաբերվել, հետաքննությունը շարունակվում է։