Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2016 թ. միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:
ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը զեկուցել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի, Տավուշի եւ Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է շուրջ 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման գործընթացը ՀՀ մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում: ՀՀ 5 պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, իսկ 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում 6 բուհ իրականացրել է ծրագրեր: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Լեւոն Մկրտչյանը նշել է, որ նախատեսում են իրականացնել բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում է ինտենսիվ աշխատանք: Կարեն Կարապետյանը կարեւորել է վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը եւ հանձնարարել ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դրա վերաբերյալ: «Կարեւորագույն օղակը պետության մեջ դուք եք: Ձեր խնդիրն է՝ աշխատել արդյունավետ եւ աշխատել ձեր ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Մենք գիտության, կրթության, առողջապահության վրա, բոլոր ոլորտների վրա ծախսում ենք ավելի քիչ գումար, քան անհրաժեշտ է ժամանակակից կյանքին ու մարդուն: Բայց միեւնույն ժամանակ ծախսում ենք ոչ էֆեկտիվ: Ծախսվող գումարը եւ արդյունքն անհամատեղելի են, ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է», - ասել է վարչապետը՝ կարեւորելով ծախսերի եւ գործառույթների վերաբաշխումը:





























