Նյու Յորքի գանգստերների նախկին առաջնորդ Թոմադ Ջիոլին, որը երկարատեւ ազատազրկման է դատապարտվել ու հիմա բանտում է, դատի է տվել ԱՄՆ դաշնային իշխանություններին։ Նա պահանջել է 10 մլն դոլար վճարել իրեն որպես փոխհատուցում իր տառապանքների համար։ Մի քանի տարի առաջ Ջիոլին սեղանի թենիս խաղալիս վնասել էր ոտքը ։ Դրա համար նա մեղավոր է համարում բանտի աշխատակիցներին, հայտնում է Newsru–ն։

64-ամյա քրեական առաջնորդը կոտրել էր ծունկը 2013-ին, երբ Բրուքլինի բանտում էր։ Ջիոլին պինգ պոնգ էր խաղում ռեկրեացիոն գոտում ու խոնավ հատակի վրա սահել ընկել էր, գրում է The New York Daily News–ը։

Թոմասի հայցում ասվում է, որ հսկիչները գիտեին այն մասին, որ հատակը սահուն է, սակայն չէին նախազգուշացրել բանտարկյալներին։ Հատակը խոնավացել էր, քանի որ մի քանի օր շարունակ ջրատար խողավակից ջուր էր կաթում։

ԱՄՆ իշխանությունները համաձայն չեն այս զավեշտալի հայցին ու հերքում են անփութության համար բոլոր մեղադրանքները՝ բացատրելով, որ բանտի աշխատակիցները հոգ են տարել բանտարկյալների մասին ու չէին կարող կանխատեսել այդ դժբախտ պատահարը։