Սյունիքի մարզում դեկտեմբերի 31-ին վթարի ենթարկված եւ օրեր անց հիվանդանոցում մահացած 22-ամյա Գառնիկ Էկտուբարյանի մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել վարորդին:

Նախաքնննությամբ ապացուցվել է, որ վարորդ Ալբերտ Ղարագյոզյանը դեպքի ժամանակ եղել է ալկոհոլ օգտագործած ոչ սթափ վիճակում: Նա մեքենան վարել է թույլատրելի առավելագույնը գերազանցող՝ մոտ 80կմ/ժ արագությամբ եւ ուղեւոր Գառնիկ Էկտուբարյանի հետ Գորիսի Սալ-Քար թաղամասում գազալցակայան մտնելու փոխարեն անցել է այն եւ ձախ շրջադարձին չկողմնորոշելով՝ որեւէ գործողություն չի կատարել, ինչի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, աջակողմյան կողմնակում բախվել հողային թմբին, ծառերին, ինչի հետեւանքով Գառնիկ Էկտուբարյանն ստացած մարմնական վնասվածքներից հունվարի 4-ին հիվանդանոցում մահացել է:

Ալբերտ Ղարագյոզյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:

Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. դեկտեմբերի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել Սալ-քար թաղամասում 25-ամյա Ալբերտ Ղ.-ի վարած «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս գալու եւ ծառին բախվելու մասին, ինչի հետեւանքով ուղեւորը՝ 22-ամյա Գառնիկ Էկտուբարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Գորիսի բժշկական կենտրոն: Հունվարի 4-ին ժամը 04.55-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Գ. Էկտուբարյանը հիվանդանոցում մահացել է: