Երեւանում հունվարի 11-ին 18-ամյա ուսանող Վահե Մուրադյանին սպանելու մեջ մեղադրվող Կարեն Չատիկյանի ընտանիքը հեռացել է Կոտայքի մարզի Ակունք գյուղից:

NEWS.am-ի տեղեկություններով, Չատիկյանները գյուղից հեռացել են դեպքից անմիջապես հետո:

Նշենք, որ Չատիկյանը մանկավարժների ընտանիքից էր, մայրն ու տատն աշխատում էին գյուղի դպրոցում:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության` 2017թ. հունվարի 11-ին՝ ժամը 15.30-ի սահմաններում Երեւանի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում գտնվող տաղավարի սեղանին հայտնաբերվել է 18-ամյա Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ 17-ամյա Ռաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` ԵՊՀ առաջին կուրսի ուսանող 21-ամյա Կարեն Չատիկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի եւ 112-րդ հոդվածի 1-ին մասերով: Նա կալանավորված է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ Կարեն Չատիկյանը այդ քայլին է դիմել, քանի որ  Վահեն կուրսեցիներին «դոդիկ» է ասել: