Ներկայումս ամփոփման փուլում է Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի  զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման հիմնական առանցքում եղել է կրթական համակարգում հայ-ռուսական  փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Նախարար Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաեւ օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները եւ համապատասխան մեթոդաբանությունը:

Անդրադարձ է եղել ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՆ-ի եւ ՌԴ գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցերին: Այդ համատեքստում քննարկվել է նաեւ ՀՀ կառավարության կողմից գերակա համարվող մասնագիտությունների համար այս ուսումնական տարում ուսանողներին տարկետման իրավունք տրամադրելու հարցը: 

ԿԳ նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի որոշմամբ հիմնադրված  «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի առաջնահերթությունները` ընդգծելով, որ այն նպատակ ունի ապահովելու ու Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շարունակականությունը:

Կողմերն անդրադրաձել են նաեւ Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանն ու զարգացմանն առնչվող հարցերի:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման եւ փոխահամաձայնեցման մթնոլորտում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ կրթության եւ գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող  այլ հարցերի: