ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 8-ին հանդիպել է կոնսորցիումի կողմից իրականացվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար կազմի հետ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը նախարարին ներկայացրել է Ծրագրի հիմնական ուղղություններն եւ թիրախային ընտրված ոլորտները: Կարեն Զադոյանի խոսքով, ծրագրի իրականացման համար սոցիալական ոլորտի ընդգրկումը շատ առանցքային է եւ համագործակցության դեպքում կուսումնասիրվեն ոլորտի խնդիրները, կառաջարկվեն համապատասխան լուծումներ, կմշակվեն հայեցակարգեր եւ միջոցառումների ծրագիր: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը նպատակ է հետապնդում մեծացնել հասարակական կարծիքի ազդեցությունը քաղաքականությունների մշակման վրա:
Նախարար Արտեմ Ասատրյանը ողջունել է Ծրագրի առաքելությունը եւ նշել, որ այն ամբողջովին համապատասխանում է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությանը: «Վերջին տարիներին մեր կողմից իրականացվող գործընթացների տրամաբանությունը հենց այս ուղղությամբ է առաջ շարժվում: Արդեն իսկ ձեւավորել ենք ենթակառուցվածքներ եւ ակտիվ աշխատում ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում հիմնական խնդիրներից մեկը հասարակության իրազեկվածության բարձրացումն է իրավունքի իրացման տեսանկյունից:
Այնուհետեւ նախարարը նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցության եւ իրականացվող ծրագրի շրջանակներում փորձագետների աջակցությամբ մշակել 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի՝ սոցիալական պաշտպանության ոլորտի 2017-2018թթ. միջոցառումները:
Հանդիպմանը ներկա փոխնախարար Սոնա Հարությունյանն իր հերթին նշել է, որ նախարարությունն արդեն 2 տարի է ներդրել է մոնիթորինգի եւ գնահատման համակարգ եւ հատուկ մշակված մեթոդաբանությամբ վեր է հանում սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր ծրագրերի ռիսկային ցուցանիշները, հասցեականությունը եւ հույս հայտնել, որ Ծրագրի շրջանակներում համագործակցությունը կնպաստի իրականացվող աշխատանքների արդյունավետությանը:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հստակեցնել համագործակցության ձեւաչափն ու առաջիկայում սկսել աշխատանքային քննարկումները:




























