Հայաստանում նկատվում է դիսոնանս ունեւոր մարդկանց ու տեխնիկական գիտելիքներ ունեցող մարդկանց միջեւ։ Նման տեսակետ է հայտնել 2016-ի ամռանը Հայաստանում բացված Նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում։

Հայաստանը ձեռներեցի համար պետք է դառնար տարանցիկ կետ, բայց ճակատագիրը այլ կերպ է տնօրինել։ Նա հանդիպել է իր ապագա հարսնացուին ու որոշել է մնալ, լինելով հաճելիորեն զարմացած մեր ՏՏ ոլորտի ծավալով։

«Հայաստանում ձեռներեցները իրենց կապիտալը վաստակել են գերազանցաբար ֆիզիկական արտադրանքի կամ ծառայությունների հաշվին ու առանձնապես պատկերացում չունեն, թե ինչ է տեղի ունենում տեխնոլոգիական ոլորտում, ինչ միտումներ կան, ուր է պետք ներդրումներ անել, ինչ տեսակի ներդրումներ կան։ Նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտի նպատակն է դառնալ ուղեցույց փարոս, կապող օղակ։ Հայ ներդրողների գլխավոր խնդիրն այն է, որ նրանք ուզում են րոշակի ժամկետներում իրենց գումարները հետ բերելու երաշխիքներ ունենալ։ Տվյալ դեպքում նման բան խոստանալը գրեթե անհնար է ՝ ՏՏ ոլորտը հսկայական ռիսկով, բայցեւ գումարները հետ բերելու հսկայական ներուժով ոլորտ է։ Բայց ամեն ինչի համար ժամանակ է պահանջվում, մի քանի ամսից սկսած մինչեւ մի քանի տարի»,- նշում է փորձագետը։

Նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտի գործունեությունը զարգանում է երկու ուղղություններով։ Առաջինը՝ հայկական տեխնոլոգիաները ռուսական շուկայում ու ԵՄ տարածքում առաջ մղելն է։ Մոսկվայում արդեն բացվել է HighTech–ի տարածաշրջանային գրասենյակը։ Ինստիտուտը համագործակցում է արմֆոնների արտադրողի, TSD ընկերության ու EarlyOne ստարտապի հետ։ Նրանց թեթև ձեռքով հայկական սմարթֆոնները արդեն վաճառվում են Մոսկվայի կենտրոնում, իսկ մի քանի բանկային հաստատություններ կսկսեն օգտվել մեր երկրում մշակված հերթերի կառավարման համակարգից։ Ինստիտուտը ընկերություններին տրամադրում է կոմերցիոն, իրավաբանական ու գրասենյակային ծառայություններ։ Ծրագրում են մինչև ամառ ստորագրել համաձայնագրեր եւս տասնյակ ընկերությունների հետ։

Ինստիտուտի երկրորդ ուղղությունը ներառում է ներդրողների որոնում՝ հեռանկարային հայկական ստարտապների համար։

Առաջին փուլի համար Ինստիտուտը սկսել է բանակցել 7 հեռանկարային ընկերությունների հետ, որոնք զբաղվում են մասնավորապես AR–ով , զբոսաշրջությամբ, ֆրիլանսով, բժշկությամբ, բժշկական զբոսաշրջությամբ, մանկական խաղերով ու ERP–ով։ Տարբեր ոլորտները պայմանավորված են նրանով, որ հիմնադիրների կարծիքով, Հայաստանը չափից փոքր է, որպեսզի մեկ ոլորտում 7 սուպերընկերություն ունենա։ Նախնական գնահատականներով, Ինստիտուտին կպահանջվի մոտ 350 000-500 000 դոլար։ Ընտրությունը կանգ է առել հարաբերականորեն կայացած ստարտապների վրա, քանի որ ա) Հայաստանի ներդրողները չեն ուզում մեծ գումարներով ռիսկի գնալ, Բ) նախագծերից գոնե մեկի հաջողության դեպքում բոլոր ներդրումները արդարացված կլինեն, գ) աշխատում է հրաշալի թիմ։

Հիշեցնենք, որ նորարարական տեխնոլոգիաների ինստիտուտը 2016-ի հոկտեմբերի 29-ի ն Երևանում անցկացրել է UpStart Armenia ստարտապների մրցույթ։ Ավելի քան 80 գրանցված հայտերից եզրափակիչ են դուրս եկել 15 լավագույնները։ Առաջին տեղը զբաղեցրել է Мap Work ($2,5 հազաև) ստարտապը, երկրորդը՝ Get Treated ($1 հազար) ու երրորդը Tereva–ն (արմֆոն)։ Ժյուրիում նախագահում էին Energize Global Services ընկերության տնօրեն Ռիչարդ Բեզջյանը (ԱՄՆ), ABRT վենչուրային հիմնադրամի հիմնադիր Անտոն Տիմաշևը (Ռուսաստան/ Շվեյցարիա), AXLR հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ներին (Ֆրանսիա) և այլոք։ Եղել են ավելի քան 300 հյուրեր՝ հայկական ու արտասահմանյան ՏՏ ընկերությունների, ներդրումային հիմնադրամների, ֆինանսաբանկային, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ։