Լոս Անջելեսի իշխանությունները համաձայնվել են 1,5 մլն դոլարի փոխհատուցում վճարել ձերբակալելիս իրավապահների կողմից գնդակահարված սեւամորթ տղամարդու ազգականներին, հայտնում է Los Angeles Times-ը:

Միջադեպը տեղի է ունեցել 2014 թվականին, որից հետո ԱՄՆ-ում զանգվածային անկարգություններ են սկսվել: Աղքատ թաղամասերում պարեկող 2 ոստիկաններ նկատել են կասկածելի թվացող 25-ամյա Իզել Ֆորդին: Կասկածելով, որ նրա մոտ կարող են թմրանյութեր լինել՝ փորձել են Ֆորդին ձերբակալել: Քաշքշուկի ժամանակ Ֆորդը փորձել է խլել ոստիկաններից մեկի ատրճանակը, որից հետո ոստիկանները կրակել են: Ֆորդը հոսպիտալացվել է, բայց բժիշկներին չի հաջողվել նրա կյանքը փրկել: Սկսված հետաքննությամբ իշխանությունները եզրակացրել են, որ ոստիկանները ստիպված էին ինքնապաշտպանվել եւ օրենքը չեն խախտել:

Ֆորդի ազգականները, որոնք պնդել են, որ նա շիզոֆրենիայով եւ դեպրեսիայով է տառապել, նրա սպանությունից հետո որպես փոխհատուցում 75 մլն դոլար են պահանջել: Արդյունքում կողմերը համաձայնության են եկել ավելի փոքր գումարի շուրջ: