Կրթական նոր համակարգի անցման ճանապահին մեզ համար կարեւորվել են Լիտվայի եւ Ֆինլանդիայի օրինակները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ հանդիպման ժամանակ նշել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին` նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ անկախացումից հետո մեր երկու երկրների համագործակցությունը կրթության համակարգում համաքայլ է ընթացել, նրա բնորոշմամբ դրան նպաստել են նախ` նախկինում միեւնույն կրթական համակարգում ընդգրկված լինելու հանգամանքը, ապա` կրթության նկատմամբ մեր երկրների առանձնահատուկ վերաբերմունքը: «Կրթության համակարգում մշտապես զգացել ենք Լիտվայի աջակցությունը, կրթական նոր համակարգի անցման ճանապահին մեզ համար կարեւորվել են Լիտվայի եւ Ֆինլանդիայի օրինակները, իսկ Բոլոնիայի գործընթացին մեր երկու երկրները գրեթե միաժամանակ են միացել»,- նշել է Լեւոն Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Պետրիկասն ընդգծել է, որ Հայաստանում իր գործունեության տարիներին ջանքեր չի խնայել կրթության համակարգում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար:

Ոլորտում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացման համատեքստում` դեսպանը կարեւորել է Հայաստանի ավարտական դասարանների աշակերտների համար Լիտվայի LCC միջազգային համալսարանի կողմից կազմակեպվող անգլերեն լեզվի բանավոր խոսքի մրցույթը: Երախտագիտություն հայտնելով ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը` մրցույթին ցուցաբերվող աջակցության համար` դեսպանը տեղեկացրել է, որ մրցույթի հայաստանյան փուլի հաղթողը հնարավորություն կստանա անվճար ուղեւորվել Լիտվա` մասնակցելու Կլայպեդայի LCC միջազգային համալսարանի եզրափակիչ փուլին, իսկ եզրափակիչ փուլը հաղթելու դեպքում` մեկ կիսամյակ սովորելու այդ համալսարանում:

Նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանն արդեն եվրոպական «Հորիզոն 2020» գիտական ցանցի լիիրավ անդամ է, ինչը լայն հնարավորություններ է ընձեռում իրականացնել գիտական, նորարարական հետազոտություններ` ներգրավելով տարբեր երկրների գիտահետազոտական ենթակառուցվածքները եւ բարձր որակավորում ունեցող հետազոտողներին: Այդ համատեքստում նա առաջարկել է վերականգնել նաեւ գիտության ոլորտում նախկինում եղած փոխգործակցությունը` շեշտը դնելով բնական գիտությունների վրա:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ մի շարք ընթացիկ աշխատանքային հարցերի: