Կանադայի պես հարեւանի հարցում ԱՄՆ–ի բախտը բերել է։ Այս մասին երկուշաբթի Վաշինգտոնում Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Միացյալ Նագանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Associated Press–ը։

Նրա խոսքով, երկու կողմերը կիսում են ոչ միայն ընդհանուր սահմանը, այլեւ՝ պաշտպանության հարցում ընդհանուր արժեքներն ու շահերը։ Նա նշել է Կանադայի դերը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի գործում։ Թրամփը շեշտել է, թե կողմերը ավելի ուժեղ են, երբ աշխատում են միասին, եւ ինքը պատրաստ է իր վրա վերցնել երկուստեք շահերին համապատասան աշխատել Տրյուդոյի հետ։

Համատեղ հայտարարության մեջ Թրամփը եւ Տրյուդոն շեշտել են երկու երկրների «խորը տնտեսական շահերը»։ Նրանք պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել՝ հանուն տնտեսական աճի եւ նոր աշխատատեղերի ապահովման։ Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ Կանադան Միացյալ Նագանգների համար կարեւոր շուկա է, որի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցում է օրական 2 միլիարդ դոլարը։