Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 13-ին, ժամը 23:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Բադալ Մուրադյան եւ Թեւոսյան փողոցների խաչմերուկում (Նոր Նորք) տեղի է ունեցել ավտովթար, բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան եւ բեռնատարը, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes C» մակնիշի 31 VV 313 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 48-ամյա Հ. Թ.) բախվել է կայանված «MAN» մակնիշի 64 RR 400 համարանիշի բեռնատարին (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 36-ամյա Տ. Թ.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները Հ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: