ԱՄՆ-ում շրջակա միջավայրի պաշտպանները 12 տարի առաջ իշխանություններին նախազգուշացրել էին երկրում ամենաբարձր ամբարտակի հնարավոր փլուզման մասին, սակայն նրանց կանխատեսումն անտեսել էին, հայտնում է NBC-ն:
Անհապաղ տարհանում է հայտարարվել Օրվիլում ԱՄՆ-ի ամենաբարձր ամբարտակի փլուզման պատճառով: Ուժեղ անձրեւների հետեւանքով կոռոզիայի են ենթարկվել ջրթող հիմնական եւ լրացուցիչ կառուցվածքները:
«Մենք նրանց համոզում էինք, որ ամբարտակի ջրթող կառույցները պետք է բետոնով ամրացնել, այլապես դա կհանգեցնի աղետալի հեղեղման»,- ասել է կազմակերպության ղեկավարներից Ռոնա Սթորկան:
Սթորկայի խոսքով՝ իրենք մտահոգություն էին հայտնել, որ հորդ անձրեւները եւ ջրի մակարդակի կտրուկ բարձրացումը կարող են ծանրաբեռնել ջրթող հիմնական եւ լրացուցիչ կառուցվածքները եւ ջրով ծածկել հոսանքի ներքեւում գտնվող Օրվիլի շրջանները: Իրավապաշտպանը հայտնել է, որ անցյալ տարի իր Friends of the River կազմակերպությունը մի քանի այլ ակտիվիստների հետ էներգետիկայի ոլորտի կարգավորման դաշնային հանձնաժողովին միջնորդագիր են ուղակել, որում նշել են, որ 1968 թվականին կառուցված ամբարտակը ժամանակակից ստանդարտներին չի համապատասխանում, սակայն այն մերժվել է ֆինանսական պատճառով:




























