ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են պայթուցիկ սարքը ձեռքին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի շենքին մոտենալու դեպքի հանգամանքները։
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական քննության տվյալներով՝ 2017թ. փետրվարի 10-ին` ժամը 16:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ապօրինի ձեռք բերված եւ իր մոտ պահվող ռազմամթերք հանդիսացող «Ф1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակով եւ նռնակին ամրացված «УЗРГМ» տեսակի մարտական պայթուցիչով մոտեցել է Գորիս քաղաքի ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքին: Տղամարդը պահանջել է բացել մուտքի դուռը, ապա հեռացել եւ քայլել հարակից փողոցով՝ ճանապարհին նետելով նռնակն առանց նռնակի պայթուցիչի օղը քաշելու, ինչից հետո անմիջապես բերման է ենթարկվել:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Գորիս քաղաքի բնակիչ, ինչպես նաեւ՝ նման քայլի գնալու պատճառը։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատապայթունատեխնիկական, դատաբժշկական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվել են բնակարանների խուզարկություններ, որի արդյունքում հայտնաբերվել են 4 փամփուշտ, ձեռքի հակատանկային նռնականետ, սվին դանակ, 3 փաթեթ թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգված: Դրանք առգրավվել են եւ նշանակվել դատապայթունատեխնիկական-դատաձգաբանական համալիր, դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գորիս քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի առաջին մասով։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:




























