Ադրբեջանի իշխանություններն իրենց հատուկ ոճով անհեթեթության են հասցրել Ռուսաստանի կալանավորված քաղաքացի Ուելդանով-Գալուստյանի գործը:

Կալանավորվածի քույրը՝ Մարիաննա Միրզոյանը հայտնել է եղբոր ծայրահեղ ծանր վիճակի մասին: «Ռուսարմինֆո»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ նախօրեին եղբայրը Կրասնոդար է զանգահարել եւ իրեն խնդրել Ադրբեջանի դատախազություն դիմում ուղարկել քննության դադարեցման մասին:

«Եղբայրս ինձ ասաց, որ գործն ինքնին եւ այն, որ ինքը Բաքվի բանտում է, իրեն սպանում են: Նրա խոսքով՝ քննիչը չի հանգստանա մինչեւ իրենից հանցագործ սարքելը»,- հայտնել է Մարիաննա Միրզոյանը: Նրա խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել հունվարի 5-ին, Մարատը հայտնել է ստամոքսի խոցի սրման եւ առողջության վատթարացման մասին: Դրանից զատ, չնայած Մարատը ամեն շաբաթ հարազատներին զանգելու իրավունք ունի, նրան 8 ամսում թույլ են տվել 4 անգամ զանգահարել:

«Մարատն ինձ ընդմիշտ է հրաժեշտ տվել: Ասաց, որ իրեն այլեւս ծանրոց չուղարկեմ եւ ոչ էլ նամակ գրեմ, ինքն էլ այլեւս չի զանգահարի: Նա ասաց, որ ես այլեւս եղբայր չունեմ, իսկ իմ ծնողներն այլեւս որդի չունեն: Մարատը լաց եղավ, եւ «խոսափողը դրեցին»,- պատմել է Մարիաննան:

Ուելդանով-Գալուստյանը ավստրիական Do&Co ընկերության աշխատակից է, որն զբաղվում է ուղեւորությունների ժամանակ սնունդի կազմակերպմամբ, եւ Բաքվում գործուղման է եղել: Քույրը հայտնել է, որ նրան ընկերությունը 2016-ի հունիսի 6-ին գործուղել է Բաքու «Formula-1»-ի անցկացման ժամանակ, որտեղ ժամանելուց հետո նա կապ չի հաստատել: Նա մեղադրվում է խոշոր չափերով թմրանյութեր, հոգեմետ դեղեր կամ պրեկուրսորներ ապօրինի պատրաստելու, արտադրելու, ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու, փոխանցելու կամ իրացնելու մեջ:

Ռուսական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ադրբեջանում ՌԴ դեսպանատունը կալանավորվածի ազգականներին առաջարկել է ըմբռնումով մոտենալ այդ երկրի առանձնահատկությանը, որտեղ «հայկական ծագումը չափազանց դժվարացնում է նրա պաշտպանությունը»:

Նշենք, որ Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքը օպգտագործվում ՝ քաղբանտարկյալների եւ ռեժիմին անցանկալի մյուս անձանց նկատմամբ: