Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության մեջ եւս մեկ կասկածյալի, հաղորդում է BBC-ն։
Ինչպես հայտնել է Սելանգոր նահանգի ոստիկանության ներկայացուցիչը՝ ձերբակալված տղամարդը ենթադրաբար Ինդոնեզիայի քաղաքացու զուգընկերն է։ Վերոնշյալ կինն ավելի վաղ է ձերբակալվել՝ սույն գործի հետ կապված։
Հինգշաբթի օրը ավելի վաղ Մալայզիայի ոստիկանությունը հայտարարել է Կիմ Չոն Նամի սպանության գործով երկրորդ կասկածյալի ձերբակալության մասին՝ Ինդոնեզիայի քաղաքացի Սիթի Այշիի։ Իսկ չորեքշաբթի օրը ձերբակալվել է Վիետնամի 18-ամյա քաղաքացին։ Ենթադրաբար հենց այդ կնոջն են արձանագրել Կուալա-Լամպուրի օդանավակայանի տեսախցիկները։
Մալայզիայի ոստիկանությունը փնտրում է եւս մի քանի օտարերկրյա քաղաքացիների, որոնք, ըստ իշխանությունների, կարող են մասնակից լինել Կիմ Չոն Նամի սպանությանը։
Նշենք, որ Կիմ Չոն Նամը Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի որդին էր՝ ծնված արտաամուսնական կապից։ Նամն ընտանիքի հետ միասին բնակվում էր Մակաոյում։



























