«Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը ներել է շորթման փորձ կատարելու մեջ մեղադրվող «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին: Այսօր՝ փետրվարի 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ուղարկած նամակում տեղեկացրել է Տիգրան Ուրիխանյանը ՝ նշելով, որ չի ցանկանում որպես տուժող ներկայանալ դատական նիստերին: NEWS.am-ի հետ զրույցում Անի Հովհաննիսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդելու է դատարան հրավիրել Տիգրան Ուրիխանյանին եւ հնարավորություն տալ նրան հարցաքննելու:
«Մենք միշտ էլ ասել ենք, որ Անի Հովհաննիսյանը հանցանք չի գործել, ոչ մի բան չի արել, որ Տիգրան Ուրիխանյանն էլ ների նրան: Պաշտպանական կողմը ցանկություն ունի նրան հարցաքննելու եւ մենք պնդելու ենք, դատարանում արդեն այդ հարցն էլ առաջ ենք քաշել, որպեսզի մեզ այդ հնարավորությունը տրվի»,-ասաց նա:
Ըստ մեղադրական եզրակացության` Անի Հովհաննիսյանը շորթում կատարելու ուղղակի դիտավորությամբ «Analitik.am» լրատվական կայքի գովազդի գծով պատասխանատու Ինգա Կիրակոսյանին օգտագործելու միջոցով, որը հանցանքը կատարել է անզգուշությամբ, կատարել է խոշոր չափերով շորթում` «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲ ընկերության օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելով եւ նման տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով հիշյալ ընկերությունից մարտի 15-ին պահանջել է 1 մլն դրամ: Բացի դրանից, նա պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի եւ նրա կնոջ մասին արատավորող տեղեկություններ: Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Անի Հովհաննիսյանին, որն էլ նշել է, թե համապատասխան վերաբերմունք է անհրաժեշտ նմանատիպ հոդվածների հրապարակումները դադարեցնելու համար: Օրեր անց Անի Հովհաննիսյանը պատգամավորից պահանջել է 300 հազար դրամ, որն օրեր անց նրա աշխատակից Վարդիթեր Գիշյանը ստացել է:
Անի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասով: Նա կալանավորված է:



























