ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը դիմում է բոլոր քաղաքացիներին առաջին եւ երկրորդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի համար դիմել առցանց, առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։
Դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել www.epension.am կայքում, որից հետո լրացնել առցանց դիմումը, որը տեւում է մոտ 5 րոպե:
Ընդ որում դիմումը կարող է լրացվել նաեւ 3-րդ անձի կողմից, միեւնույն է նպաստի գումարը կստանա երեխայի հայրը կամ մայրը:
Հատկանշական է նաեւ այն, որը նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. այն կարող եք ստանալ բանկ այցելելու միջոցով:
2016թ.-ին մոտ 32.000 նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար:
Սոցիալական ապահովության պետական ծառայութունն այժմ աշխատանքներ է տանում 3-րդ եւ հաջորդ երեխայի նպաստի համար եւս առցանց դիմելու եւ ստանալու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։
Նշենք, որ համակարգը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ԱՄՆ ՄԶԳ համագործակցության շրջանակներում:
2017թ.-ի փետրվարի 10-ի դրությամբ արդեն իսկ ստացվել են երեխայի ծննդյան միանվագ նպաստի 484 առցանց դիմումներ, որոնցից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է:



























