Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկուստեք արժեւորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, եւ մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առեւտրատնտեսական համագործակցության շուրջ։

Զրուցակիցները քննարկել են Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրել է Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։

Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի: