Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Օմանի ԱԳ նախարար Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլան:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ջերմությամբ է հիշում որպես ՀՀ նախագահի առաջին հատուկ բանագնաց դեռ 1993թ. Օման իր այցը եւ Մասկատում ունեցած հանդիպումները: Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ արաբական պետությունների հետ համագործակցության սերտացումը կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում:

Նախարար բեն Ալաուի բեն Աբդալլահն ընդգծեց, որ Օմանը հետաքրքրված է՝ փոխշահավետ համագործակցություն զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք էին, որ անհրաժեշտ է ձեռնարկել առավելագույն ջանքեր՝ խթանելու տնտեսության եւ առեւտրի ոլորտում համագործակցությունը: Շեշտվեց իրավապայմանագրային դաշտի զարգացման անհրաժեշտությունը:

Քննարկվեցին արտաքին գործերի նախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության խթանման հետ կապված հարցեր:

Էդվարդ Նալբանդյանը եւ Յուսուֆ բեն Ալաուի բեն Աբդալլահն անդրադարձան միջազգային հրատապ հարցերի: Ընդգծվեց հիմնախնդիրների բացառապես խաղաղ, բանակցությունների միջոցով կարգավորման անհրաժեշտությունը: