Քուրդ խորթ հոր սպանության համար 8 տարվա ազատազրկման դատապարտված Մաքսիմ Բաքոյանի փաստաբան Մամիկոն Մուրադյանի վճռաբեկ բողոքը մերժվել է: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաեւ տուժող կողմը, որը նույնպես մերժվել է:

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաքոյանին ապրիլի 25-ին դատապարտել էր 4 տարվա ազատազրկման, մինչդեռ մեղադրող կողմը պահանջել էր 10 տարի: Մեղադրող կողմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարան: Իր հերթին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումը եւ Բաքոյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման:

Ավելի վաղ հայտնել էինք, որ եզդի Մաքսիմ Բաքոյանի մորը՝ Մայա Բաքոյանին, 2013թ. Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ ազգությամբ քուրդ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝ կնոջ 4 տարեկան որդու աչքի առջեւ հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին:

2014 թվականի մարտին Մաքսիմը, որը մինչ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի: Մարտի 15-ին նա դանակահարելով սպանել էր խորթ հորը։ Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: Մաքսիմը, ըստ մորաքրոջ, խորթ հոր խոսքերից ենթադրել էր, որ նրա պատվերով է եղբայրը սպանել իր մորը եւ որոշել է վրեժ լուծել:

Մաքսիմ Բաքոյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Բաքոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։