Մեր առաջնային խնդիրներից մեկը բուհի միջազգայնացումն ու ուսանողների շարժունության խրախուսումն է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիա այցի ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետեւ ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ:
ԿԳ նախարարը, դիմելով ներկաներին՝ նշել է, որ բուհի իրավական կարգավիճակի փոփոխության հարցը՝ ՊՈԱԿ-ից վերակազմավորվել հիմնադրամի, ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը: «Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի` բոլոր բուհերը պետք է ունենան հիմնադրամի կարգավիճակ, որպեսզի կարողանան զարգացում ապահովել: Մենք ակնկալում ենք, որ նոր կարգավիճակը կնպաստի, որ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան առավել հետեւողական եւ արդյունավետ իրականացնի իր հիմնական առաքելությունը եւ կարողանա նոր տեմպ տալ զարգացմանը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կարգավիճակի փոփոխությունը առավել ճկուն հնարավորություններ է ստեղծում արվեստի բուհերի ցանց եւ միասնական կլաստեր ստեղծելու տեսանկյունից:
Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրներից մեկը բուհի միջազգայնացումն ու ուսանողների շարժունության խրախուսումն է. «Մենք Հայաստանում այսօր ունենք մի պատկեր, երբ դեպի դուրս՝ օտարերկրյա բուհերի հետ շարժունությունն ավելի արդյունավետ է իրականացվում, քան ներսում՝ մեր բուհերի միջեւ: Ես կարծում եմ, որ մենք պետք է այստեղ որոշակի չափանիշներ սահմանենք, որպեսզի շարժունությունը դառնա պարտադիր նորմ. օրինակ, եթե ուսանողը բուհում պետք է ստանա պայմանական 10 կրեդիտ, ապա նա պետք է 3 կրեդիտն այլ բուհից բերի՝ իր ցանկությամբ: Սա շատ կարեւոր բարեփոխում է, որին մենք անհրաժեշտաբար պետք է գնանք, քանի որ այդպես է ողջ աշխարհում՝ եւ ամերիկյան, եւ զարգացած եվրոպական բուհերում: Շատ կարեւոր է, որ բուհերը գիտակցեն, թե ինչ կտա շարժունության հնարավորությունը կոնկրետ իրենց: Օրինակ, եթե Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիան թողարկում է արվեստի բարձրակարգ մասնագետների, ապա այդ նույն մասնագետները պետք է իրավունք ունենան որոշակի կրեդիտներ ստանալ նաեւ մանկավարժական համալսարանում, որպեսզի ստանան նաեւ մանկավարժի որակավորում, այսինքն՝ ունենան դասավանդման իրավունք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ այստեղ խնդիր կարող է առաջանալ մասնագիտությունների նկարագրման եւ կրեդիտների արժեքի հաշվարկման հարցում:
Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը մշակվել է նշված հարաբերությունները կարգավորելու սկզբունքով: Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, անդրադառնալով միջազգայնացման գործընթացին, տեղեկացրել է, որ Երեւանի գեղարվեստի ակադեմիան ներգրավված է «Տեմպուս» եւ «Էրազմուս+» միջազգային ծրագրերում: Ռեկտորը որպես մտահոգություն նաեւ նշել է, որ բուհական համակարգում մասնագիտությունների եւ որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել, որը բերել է առանձին մասնագիտացումների խաթարման. «Մենք հույս ունենք, որ նախարարությունը, որպես կրթության քաղաքականությունը իրականացնող լիազոր մարմին, առավել հետեւողական կլինի այս հարցում, որպեսզի, մասնավորապես արվեստի բուհերը, տվյալ ոլորտում նեղ մասնագիտական պրոֆիլ ունենան եւ այս առումով մրցակցությունն էլ լինի առողջ»,- իր խոսքում նշել է Արամ Իսաբեկյանը:



























