ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 23.02.2017թ. հերթական նիստում ընդունվել է Երեւան քաղաքին գույք նվիրաբերելու մասին որոշման նախագիծը, ըստ որի մանկապարտեզ կազմակերպելու նպատակով նախարարությունն իր մասնաշենքերից մեկը կնվիրաբերի Երեւանին:

Երեխաների պաշտպանության ոլորտում  իրականացվող քաղաքականության շրջանակներում Նուբարաշեն համայնքում գտնվող  նախարարության համակարգի  Երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունը վերափոխվել է Երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի եւ ազատված ննջարանային մասնաշենքը, որոշման համաձայն, նախատեսվում է տրամադրել Նուբարաշեն վարչական շրջանին՝  նոր մանկապարտեզ հիմնելու նպատակով:

Մանկապարտեզի տարածքի համար  Երեւան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի միջնորդությամբ՝  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին է դիմել Երեւանի քաղաքապետը:

Քաղաքապետի առաջարկությունը նախարարությունը համարում է համահունչ կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների բնույթին եւ գտնում է, որ մանկապարտեզի գործունեությունը կարելի է դիտարկել որպես մեկ համալիր գործունեություն՝ կազմակերպության գործունեության հետ, քանի որ նպատակ է հետապնդում ապահովել սոցիալական պաշտպանության ոլորտում կարիք ունեցող ընտանիքներին համապատասխան ծառայությունների մատուցումը: