Նոյեմբերի 9-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (ԳԱԿ) մեկնարկել է «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» խորագրով նոր մանկական ծրագիրը` չեխ ապակեգործ Իվանա Շրամկովայի նորաբաց «Երկրաչափական ձեւեր եւ պատկերներ» ցուցահանդեսի շրջանակներում:
ԳԱԿ-ի «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» ծրագրի ընթացքում կանցկացվեն ստեղծագործականության եւ արվեստի հատուկ խաղ-դասեր 6-12 տարեկան երեխաների համար: Դասերը հիմնվելու են Իվանա Շրամկովայի ստեղծագործությունների վրա, որոնք ցուցադրվելու են Կենտրոնի «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում մինչեւ 2011 թ. մարտը: «Մեր մասնագետ խաղավարները երեխաներին հնարավորություն կընձեռեն ուղղակիորեն առնչվել արվեստի հետ, օգտագործել իրենց անսպառ երեւակայությունն ու ստեղծագործական կարողությունները», - ասել է Գաֆէսճյան արվեստի կենտրոնի ծրագրերի եւ կրթության գծով տնօրեն Աստղիկ Մարաբյանը: «Կենտրոն այցելելիս նրանք այլեւս չեն լինի զուտ դիտորդ. փոխարենը, երեխաները կունենան իրական շփում, հաղորդակցում արվեստի հետ»:
Ծրագրի առաջին դասը տեղի է ունեցել 2010-ի նոյեմբերի 9-ին` «Զատիկ» մանկատան սաների համար չեխ արվեստագետ Իվանա Շրամկովայի ներկայությամբ: Հետագայում ծրագրում կներգրավվեն այլ դպրոցներ, իսկ շաբաթ օրերին, նախնական պայմանավորվածությամբ, ծրագրին կմասնակցեն նաեւ ընտանիքներ:
Իվանա Շրամկովայի աշխատանքները ցուցադրված են բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Պրահայի Ազգային պատկերասրահում, Լոնդոնի «Վիկտորիա եւ Ալբերտ» թանգարանում, ԱՄՆ-ի Քորնինգի ապակու թանգարանում, Հոկայդոյի ժամանակակից արվեստի թանգարանում, Վենեցիայի Aperto Vetro-ում, Museo Correr-ում, Նյու Յորքի «Հելլեր» պատկերասրահում:
«Երկրաչափական ձեւեր եւ պատկերներ» ցուցահանդեսով արվեստագետն առաջին անգամ է ներկայանում Հայաստանում:





























