ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 25-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, երգչուհի Ռաիսա Մկրտչյանին ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նշելով, որ Ռաիսա Մկրտչյանը հայ էստրադային արվեստի երեւելի եւ ինքնատիպ ներկայացուցիչներից է, ում նրբաճաշակ կատարումները նոր խոսք էին մեր երաժշտական մշակույթում, Նախագահը մաղթել է հոբելյարին քաջառողջություն, երջանիկ կյանք եւ նոր ձեռքբերումներ:
«Ձեր արվեստն իր անկեղծությամբ եւ անմիջականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան եւ վաղուց արժանիորեն նվաճել է ունկնդրի սերն ու համակրանքը ինչպես հայրենիքում, այնպես էլ արտերկրում:
Նշանակալի է Ձեր ավանդը նաեւ մանկավարժության ասպարեզում՝ նոր սերնդի արվեստագետներին հայ երգարվեստի ավանդույթներով կրթելու եւ դաստիարակելու շնորհակալ գործում»,- ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:




























