ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 27-ին, շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտ Մկրտչյանին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ:

«Լինելով հայ կինոյի երախտավորներից՝ Ձեր տաղանդի շնորհիվ Դուք պատկերեցիք մարդկային էության եւ հոգեվիճակների թաքնված դրվագները, հայ մարդու կյանքն ու ներաշխարհը:

Հայրենի Գյումրիի մանրակերտն ու հիշողությունները վարպետորեն արտացոլվել են Ձեր ստեղծագործություններում: Դրանցում ակներեւ է հուզական եւ բանաստեղծական շունչը:

Նշանակալի է Ձեր ավանդը նաեւ թատերարվեստի ասպարեզում, մայրաքաղաքի թատերական բազմազանության մեջ ուրույն ձեռագրով առանձնացող «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի կայացման եւ զարգացման գործում»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: