Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի պանրի գործարանի գործարկումը տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային է: Այս մասին նշվել է փետրվարի 28-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի՝ Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գավառ քաղաքում նախարարը խորհրդակցություն է անցկացրել մարզի պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը: Օրակարգում մարզից ներկայացված ներդրումային ծրագրերն էին, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման եւ մրցունակության» ծրագրին, ինչպես նաեւ պետության կողմից սուբսիդավորված սերմացուների եւ պարարտանյութերի պարտքերի վերադարձին առնչվող եւ այլ հարցեր:
Գեղարքունիքի մարզից կառավարության քննարկմանը ներկայացված ծրագրերից 7-ը հավանության է արժանացել, որից 3-ի պարագայում նաեւ հստակեցվել են ֆինանսավորման աղբյուրները, ընդ որում Ակունքի պանրի գործարանի գործարկման առաջարկությունը համարվել է տարածաշրջանի զարգացման համար լոկոմոտիվային: Այն կյանքի կոչելու դեպքում մարզում կստեղծվի 25-30 աշխատատեղ, կլուծվի ամռան ամիսներին կաթի մթերման խնդիրը:
Մարզից ներկայացված մյուս ծրագրերը վերաբերում են կաթի մթերման եւ կաթնամթերքի արտադրության հզորությունների ընդլայնմանը, շինշիլաբուծական տոհմային տնտեսության, ոչխարաբուծության զարգացմանը, կտավատի ձեթի արտադրությանը, հնդկացորենի արտադրության եւ հնդկաձավարի իրացման համակողմանի ավելացմանը: Նախարարը շահառուների հետ քննարկել է ծրագրերի իրատեսականությունը, ֆինանսավորման աղբյուրների ներգրավման հնարավորությունները եւ այլ հարցեր:
Անդրադառնալով պետական օժանդակության ծրագրերին` Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է, որ այս տարի նույնպես կշարունակվեն պարարտանյութերի եւ գարնանացան սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, կպահպանվեն գներն եւ կբավարարվի մարզի կողմից ներկայացված ամբողջ պահանջարկը, դիզելային վառելանյութի սուբսիդավորումն այս պահին համարվել է աննպատակահարմար: Միաժամանակ նախարարն ուշադրություն է հրավիրել նախկին տարիներին կուտակված պարտքերի վերադարձի խնդրին` ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքները պետք է ակտիվացնել:
ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը զեկուցել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրների կառավարման եւ մրցունակության» ծրագրի առաջին եւ երկրորդ փուլերում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ այդմ` Գեղարքունիքի մարզի 42 համայնքում ստեղծվել են արոտագործողների սպառողական կոոպերատիվներ, կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր (86,75 կմ ջրագիծ, 69 խմոց), տրամադրվել է 473 միավոր գյուղտեխնիկա, ինչպես նաեւ տարբեր համայնքներում դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել: 2017 թվականի ընթացքում նախատեսվում է մարզի 6 համայնքում ավարտել արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքները (ընդամենը` շուրջ 39 կմ ջրագիծ, 12 խմոց), տրամադրել շուրջ 74 մլն դրամի գյուղտեխնիկա եւ 8 000-50 000 ԱՄՆ դոլարի չափով նպատակային ֆինանսական օժանդակություն կաթի, մսի, մրգի, բանջարեղենի, բարձրարժեք հատապտղի եւ մեղրի ոլորտների արտադրողներին, վերամշակողներին եւ արժեշղթայի այլ մասնակիցներին:




























