Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանին, Վահագն Գեւորգյանին, Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Խաչատրյանին երեկ` նոյեմբերի 9-ի ուշ երեկոյան ուղեկցել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն, քանի որ նրանց ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Հիվանդանոցում նրանք բուժզննում են անցել եւ կեսգիշերն անց վերադարձել տուն: Թե ինչպես են իրենց զգում նրանք այժմ՝ ճշտել չհաջողվեց, քանի որ նրանք դեռ չեն արթնացել քնից: NEWS.am-ը փորձեց լրացուցիչ տեղեկություն ստանալ հիվանդանոցի ընդունարանից, սակայն մեր բազում փորձերն ապարդյուն անցան: Մեր զանգին պատասխանած՝ ընդունարանի բժշկուհի Նինել Թադեւոսյանը առանց լսելու մեր հարցը, անվայելուչ տոնով՝ գրեթե գոռալով անընդհատ հայտարարում էր, թե զբաղված է, հիվանդ է ընդունում եւ դնում էր լսափողը:
Մեզ հաջողվեց հիվանդանոցի այլ բաժանմունքից ճշտել միայն, որ երիտասարդները զննում են անցել մի քանի բաժանմունքներում:
Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները նոյեմբերի 9-ին ոստիկանների կողմից բռնության էին ենթարկվել: Նրանք Շառլ Ազնավուրի հրապարակում ակցիա էին իրականացնում: Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր Սարգիս Գեւորգյանի քույրը՝ Անի Գեւորգյանը, ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկված ՀԱԿ ակտիվիսնտների նկատմամբ ընդունարանում բռնություն էր կիրառվել ոստիկնների կողմից: Նրանք, ըստ Անի Գեւորգյանի, երիտասարդներին գցել էին գետնին ու հարվածներ տեղացել նրանց մարմնի տարբեր հատվածներին ու սպառնացել «սատկացնել»: Ժամեր շարունակ ոստիկանությունում պահված երիտասարդները երեկոյան ազատ էին արձակվել Ոստիկանության քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնից: Նրանց ոստիկանությունում զգուշացրել են, որ իրենց դեմ հարուցվել է քրեական գործ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության գործադրում: Նրանց նաեւ ասվել է, որ ծանուցագիրը ստանալուն պես անմիջապես ներկայանան:
Փաստաբան Գիվի Հովհաննիսյանի խոսքով՝ երիտասարդների նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի





























