«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընտրողների շրջանում ունի բավականաչափ բարձր վարկանիշ եւ ընտրությունների ժամանակ շատ քվեներ է ակնկալում։ Նոյեմբերի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի մեջ անպայման պայքար կծավալվի։ Ինչ վերաբերում է 50+1-ի բանաձեւին, ապա մենք ոչ թե ձգտում ենք դրան, այլ ամեն մի քաղաքական ուժ, այդ թվում՝ եւ մենք, ձգտում է 99,9 տոկոս ձայների, անկախ նրանից, կհասնի դրան, թե` ոչ: Բնական չէ՞, որ բավականաչափ բարձր վարկանիշ ունեցող ԲՀԿ-ն պետք է ձգտի ավելի մեծ ցուցանիշների»,- նկատեց Բոստանջյանը։
Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն էլ իր հերթին ավելացրեց, որ նախընտրական շրջանում մրցակցություն ծավալվելու է բոլոր այն ուժերի մեջ, որոնք հայտ են ներկայացնելու մասնակցել 2012 թվականի խորհրդարանում ներկայացված լինելու համար։
«Պայքարը գնալու է ոչ թե ուժերի եւ գաղափարների, այլ ընտրողների ձայներ եւ վստահության քվե ստանալու համար։ Ընտրողի ձայն ստանալու գործընթացը, ցավոք չի մոտեցել այն մակարդակին, որի մասին երազում ենք։ Իսկ ընդհանարապես, ներկայումս քարոզչական մրցարշավին կեղծ մեկնարկ է տրված։ Հանրությանն ասելու որեւէ բան չկա, եւ իշխանություններն այսկերպ փորձում են շեղել հանրության ուշադրությունը։ Մենք, ցավոք սրտի, շրջապտույտի մեջ ենք։ Մեր երկիրը, հանրությունը, տնտեսությունն ու քաղաքականությունը եւ մնացած բոլոր համակարգերը շրջապտույտի մեջ են։ Հայաստանը որեւէ ուղեգծի վրա չէ, այլ անընդհատ պտտվում է ինչ-որ բանի շուրջ»,- տեսակետ հայտնեց Արսենյանը:
Ամփոփելով՝ նա նկատեց, որ երաշխավորված չէ, որ իշխանության «պատվավոր բեռը կրողները» մյուս ընտրությունների ժամանակ եւս կիրականացնեն նույն գործունեությունը։ «Բավական է մի սկանդալային բացահայտում, դրա տիրաժավորում եւ քաղաքական վարկանիշը միանգամից իջնում է։ Նույնիսկ բացարձակ իշխանության պարագայում իշխանության ձեռքում եղած լծակներն արդար ընտրությունների ժամանակ օգնում են 10-12 տոկոսով։ Բայց շեշտեմ նաեւ մի առավելություն. Հայաստանի նորագույն պատմության մեջ բացառիկ իրավիճակ է, երբ քաղաքական մի կուսակցություն զբաղեցնում է 3 կարեւոր պետական պոստեր՝ Հանրապետության նախագահի, Ազգային Ժողովի նախագահի եւ կառավարության ղեկավարի պաշտոնները»,- ընդգծեց Գուրգեն Արսենյանը, միաժամանակ չբացառելով, որ իրենց կուսակցությունն ընտրությունների կարող է գնալ քաղաքական որեւէ ուժի հետ դաշինք կազմած:





























