Պետծառայողների համար Ադոնց 6/1 հասցեում կառուցված շենքի բնակարանները նրանց կհանձնվեն մարտին:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի թիվ 821-Ն որոշմամբ հաստատված պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվել է բազմաբնակարան շենքային համալիր: Ծրագրի շրջանակներում կառուցված շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպել եւ ղեկավարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:
Որոշմամբ սահմանված ժամկետներում (2017 թվականի մարտ) բնակարանների հանձնումը կազմակերպելու նպատակով ծրագրի շահառուների էլեկտրոնային փոստի հասցեներին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային փոստից ([email protected]) ուղարկվում են ծանուցումներ` բնակարանների առուվաճառքի հիմնական պայմանագրերի կնքման օրվա, վայրի, ժամի, ինչպես նաեւ լրավճարման ենթակա գումարի չափի վերաբերյալ նշումներով:
Խնդրում ենք բոլոր շահառուներին` պարբերաբար ստուգել էլ. փոստը եւ ծանուցման մեջ նշված օրը, անհրաժեշտ փաստաթղթերով (անձնագիր/եր, վճարման անդորրագիր) ներկայանալ նոտարական գրասենյակ»:



























