ՀՅԴ-ն նախընտրական քարոզարշավի առաջին օրը ներկայացրել է այն ծրագիրը, որով մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին։ ՀՅԴ քարոզարշավը անցնելու է «Արդարացի Հայաստանի նոր սկիզբ» կարգախոսով։

Ըստ ծրագրի՝ ՀՅԴ-ն առաջարկում է տնտեսական աճի արդյունքները արդարացի բաշխել հասարակության բոլոր անդամների միջև, քաղաքացիներին հնարավորություն տալ իրացնել աշխատանքի իրենց իրավունքը, բացառել այն իրավիճակը, երբ օրուգիշեր աշխատող քաղաքացին չի կարողանում իր աշխատանքով պահել ընտանիքը՝ աշխատանքը պետք է ապահովի արժանավայել կյանքի հնարավորություն, ապահովի արժանավայել ծերություն։ Ծրագիրն առաջարկում է նաև ստեղծել այնպիսի առողջապահական համակարգ, որի դեպքում ոչ մի քաղաքաց ի չի հայտնվի մի իրավիճակում, երբ չի կարող վճարել բժշկական ծառայությունների դիմաց, կանգնեցնել միգրացիան, օգնել մտավոր ու ֆիզիկական թերություններով մարդկանց ինտեգրվել հասարակութանը, նպաստել երիտասարդ ընտանիքների ստեղծմանը, ստեղծել մեխանիզմ, որը խոչընդոտում է բնական ռեսուրսների շահագործմանը, հաշվի առնելով, որ հողը, ընդերքը, ջուրը, կենդանի ու բուսական աշխարհը ժողովրդի համընդհանուր սեփականությունն են, ներդնել ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարում, քաղաքացիների հայրենադարձությանն ուղղված ակտիվ քաղաքականություն վարել։

Նաև առաջարկում են ստեղծել արդարացի պայմաններ բիզնեսի համար , աջակցել հայրենական արտադրողին, ուժեղացնել պայքարը մենաշնորհների դեմ, ապահովել պետական մարմինների գործունեության հրապարակայնություն ու թափանցիկություն, ապահովել ընդդիմության ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարին։

Հատուկ կարևորվում է ՀԱյաստանի ու Արցախի ռազմա-քաղաքական համագործակցության ամրապնդումը, բանակցություններին որպես լիիրավ կողմ Արցախի մասնակցության համար ջանքեր գործադրելը, հակառակորդի նավթադոլարները չեզոքացնելու համար ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու գործում Հայաստանի գիտական մտքի մասնակցությունը ինտենսիվացնելը, սպաների ու պայմանագրային ծառայողների աշխատավարձը՝ արժանավայել կյանքի պահանջներին համապատասխանեցնելը,  Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն արագացնելը, ստեղծելով հակազդում՝ արդբեջանա- թուրքական տանդեմին։

Միաժամանակ, նշվում է Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու անհրաժեշտությունը, որոնք բխում են ազգային շահերից, արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվելով նրանով, որ Հայկական պետականությունը ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև ամբողջ հայության սեփականությունն է։