Չինաստանի 18 տարրական դպրոցների աշակերտներին սեռական դաստիարակության նոր դասագրքեր են բաժանել, որտեղ պատմում են, որ նույնասեռականների կապերը նորմալ երեւույթ են։ Բացի դրանից 2-4-րդ դասարանների աշակարտների համար նախատեսված գրքույկներում տղամարդկանց ու կանանց սեռական օրգանների լուսանկարներ են։ Շատ ծնողներ ցնցված են այդ ամենից, հայտնում է Mashable–ը։
«Առաջադեմ» դասագրքերի շուրջ բարձր սկանդալ է բորբոքվել չինական Weibo սոցցանցում։
«Ես տեսա, թե ինչպես է իմ երկրորդ դասարանցի որդին կարդում մի դասագիրք, որը պատմում է կանանց ու տղամարդկանց սեռական օրգանների ու դրանց փոխգործակցության մասին։ Ընդ որում դա մանրակրկիտ նկարազարդված է։ Մի՞թե փոքր երեխաները պարտադիր պետք է այդ ամենն իմանան։ Ինչո՞ւ ոչ ոք ծնողներին չի նախազգուշացրել», - վրդովվել է աշակերտներից մեկի մայրը։
Հարյուրավոր այլ օգտատերեր համաձայնել են նրա արտահայտած դժգոհությանը։ Այդ արձագանքները արագ հասել են դասագրքի հեղինակներին՝ Պեկինյան մանկավարժական համալսարանի աշխատակիցներին։
«Տարիներ շարունակ սեքսի թեման արգելված է եղել մեր երկրում։ Ծնողների մեծ մասը չգիտեն, ինչպես երեխաների հետ խոսել այդ թեմայով։ Լրատվամիջոցները սեռական դաստիարակության հետ կապված տեղեկությունները խեղաթյուրված են ներկայացնում։ Մենք դպրոցականներին ներկայացրել ենք առավելագույն ճշգրիտ ու գիտականորեն հավաստի տեղեկություններ սեքսի մասին»,- վստահեցրել են գրքույկի հեղինակները։
Ըստ Չինաստանում ուսանողների շրջանում անցկացված հարցման արդյունքների՝ երիտասարդների 44 տոկոսը երբեւէ չի հաճախել սեռական դաստիարակության դասընթացների։




























