Իրաքի բանակի ստորաբաժանումները Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի վրա հարձակման ընթացքում գրավել են բոլոր կառավարական շենքերը, հաղորդում է BBC–ն։

Ինչպես հայտնում է զինծառայողների գործողությունների իրաքյան միացյալ հրամանատարությունը՝ հատուկ ստորաբաժանումներին հաջողվել է գրավել կառավարական շենքը Նայնավայում եւ վերահսկողության ներքո վերցնել Էլ–Հուրիա կամուրջը։

Զինծառայողները նաեւ գրավել են շենը, որտեղ գտնվել է Իրաքի կենտրոնական բանկի բաժինը եւ շենքը, որտեղ ԻՊ գրոհայինները «դատական նիստեր» են անցկացրել։ Նշվում է, որ գրավված շինությունների մեծ մասն ավերված է։

Մոսուլի վրա հարձակման հերթական փուը սկսվել է փետրվարի 19–ին, սակայն գործողությունը դադարեցվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։