Հայաստանում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, իսկ փաստաբանական պալատն անբուժելի հիվանդ է: Այդ մասին այսօր՝ մարտի 7-ին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Վերջինս փաստաբաններ Լուսինե Սահակյանի եւ Արամազդ Կիվիրյանի հետ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու փաստաբանների պալատում ստեղծված իրավիճակը:
Լուսինե Սահակյանի խոսքով, իրավիճակը լարվեց եւ փաստաբանների նկատմամբ հետապնդումներ սկսվեցին, երբ ինքն ու Երվանդ Վարոսյանը հարց բարձրացրին հաստիքացուցակի ոռւճացման եւ այլ խնդիրների վերաբերյալ. «Արա Զոհրաբյանը չի կարող հանդուրժել, որ ինչ-որ մեկն իր կարծիքից տարբերվող կարծիք ունենա»: Դրանից հետո, ըստ Սահակյանի, իրենց դեմ պատվիրվեցին հոդվածներ՝ պալատի նախագահի եւ մամուլի նախխկին խոսնակի կողմից, կարգապահական վարույթներ հարուցվեցին, հաջորդեցին հետապնդումներ այն փաստաբանների նկատմամբ, որոնք կանգնեցին իրենց կողքին, փաստաբանության կողքին:
«Տարօրինակ իրավիճակ ստեղծվեց, երբ պալատից սկսեցին փաստաթղթեր կորել: Մենք մասնակցել ենք ծրագրերի, որոնք բնականաբար հոնորարներով են եղել: Արա Զոհրաբյանը պալատի անունից հայցեր էր ներկայացրել դատարան, թե անհիմն հարստացել ենք: Արա Զոհրաբյանը մի փոքր սխալվեց, որովհետեւ չէր պատկերացրել, որ պահպանած կլինեինք ծրագրերի մասնակցության պայմանագրերը»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Նա նկատեց, որ Զոհրաբյանը ընտրություններից առաջ գտնում էր իր ընդդիմախոս փաստաբանների վստահորդներին, համոզում, որ կեղծ դիմումներ ներկայացնեն: Մասնավորապես, նա նշեց Տիգրան Աթանեսյանի հետ կապված դեպքը, երբ վստահորդի հայրը ուղղորդմամբ դիմում էր ներկայացրել Պալատ: Մինչդեռ Լուսինե Սահակյանը պնդեց, որ այդ գործով Աթանեսյանը առավելագույնն է արել, ավելին, տվյալ գործով եղել է հենց իր ընդդիմախոսը եւ օրենքով թույլատրված բոլոր մեթոդներով պաշտպանել իր վստահորդին: «Ստեղծված իրավիճակը հանգեցրել է նրան, որ այն կառույցները, որոնք նախկինում վախենում էին փաստաբանների պալատից, այժմ իրենք են խախտում փաստաբանների, նրանց վստահորդների շահերը: Սա միանշանակ կապված է փաստաբանության թուլացման հետ, եւ եթե այդպես շարունակի անկում ապրել փաստաբանությունը, իրավունքների ոտնահարումներն ահագնանալու են»,- նկատեց նա:
Տիգրան Աթանեսյանը իր հերթին պատմեց, որ ՓՊ նախագահի նախորդ ընտրությունից հետո չէր խառնվում պալատում կատարվող իրադարձություններին եւ երբեք չէր կարող պատկերացնել, որ նման անկում կապրի պալատը: Մասնավորապես, նա նշեց խնդիրներից մի քանիսը՝ գործակալական ցանցի ստեղծում, վստահորդների վրա ճնշումներ, ու, ամենախայտառակը, փաստաբանների ներընտրական կյանքին միջամտություն: Ամենաթարմ դեպքը փաստաբան Արմեն Սողոմոնյանի հետ կապված դեպքն էր, երբ պալատից գրություն են ուղարկել նրանց տուն՝ անպարկեշտ բովանդակությամբ, որպեսզի տնեցիներն էլ կարդան: «Մարդկային տարրական պարկեշտությունից դուրս քայլեր են կատարվում»,- արձանագրեց նա:
«Հայաստանում փաստաբանությունը դրված է վտանգի տակ, այդ կառույցն անբուժելի հիվանդ է: Պետք է ամեն ինչ անել՝ վերադառնալու 1998 թվականի ռեֆորմին, երբ Հայաստանում կային երեք փաստաբանական միություններ»,- ասաց Աթանեսյանը:
Փաստաբաններն առաջարկում են նոր միություն ստեղծել, որը կմրցակցի գործող պալատի հետ, իսկ դրա արդյունքում կշահի փաստաբանությունը: «Ոչ թե քանդել այս կառույցը, որն ի դեպ, արդեն քանդված է, այլ ստեղծել մեկ այլ միություն եւս: Այս հարցում, սակայն օրենքի խնդիր կա»,- ասել է նա, իսկ հարցին, թե չի թուլանա փաստաբանությունը Հայաստանու, եթե պալատ պառակտվի, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ Հայաստանում փաստաբանությունը զարթոնք է ապրել, երբ երեք միություններ կային: «Այդ երեք միությունների ղեկավարները որոշեցին մեկտեղել ջանքերը՝ ավելի հզոր եւ փաստաբանների շահերը պաշտպանող կառույց ունենալու: Այդ մարդիկ լուսավոր մարդիկ էին, եւ չէին կարող պատկերացնել, որ նման իրավիճակ կստեղծվի: Այսօր գործող Փաստաբանների պալատին այլընտրանք է պետք»,- նկատեց նա:
Փաստաբան Արամազդ Կիվիրյանն էլ նկատեց, որ պալատի նախագահը փորձում է զրկել իրեն արտոնագրից՝ այն պատճառաբանությամբ, թե պալատից կորել է նրա աշխատանքային ստաժի փաստը հավաստող՝ պալատի նախկին նախագահի հրամանը: «Չէին մտածում, որ 10 տարի անց կարող է պահած լինեմ այդ փաստաթուղթը: Փաստաբանների պալատում մտածում են, թե տարիներ անց փաստաթղթերը ցնդում են»,- հեգնեց նա:
«Ստեղծվել է խորապես տհաճ իրավիճակ: Ժամանակին պալատը ստեղծվել էր, որ կանգներ փաստաբանների թիկունքին, պաշտպաներ նրանց իրավունքները, իսկ այժմ ինքն է խախտում այդ իրավունքները: Եկել է պահը՝ ստեղծելու նոր կառույց»,- նշեց Լուսինե Սահակյանը:
Նա ասաց, որ իրենք ամեն կերպ փորձել են պահպանել կառույցը, պատահական չէր, որ ՓՊ հիմնադիր նախագահ Ռուբեն Սահակյանն էլ դրեց իր թեկնածությունը խորհրդի ընտրություններում եւ չընտրվեց, որովհետեւ իշխանական ցուցակով ընտրություն է եղել:
Հարցին, թե երբ են մտադիր ստեղծել նոր միությունը, Տիգրան Աթանեսյանը պատասխանեց, որ դեռ իրավական խնդիրներ կան, Սահմանադրական դատարան եւ խորհրդարան դիմելու անհրաժեշտություն, իրենք քայլերը կանեն եւ կտեղեկացնեն հանրությանը:



























