Նախատեսվում է ԵՏՄ-ում տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների լիարժեք ազատականացում: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան  Թիմուր Ուրազաեւի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ Վահան Մարտիրոսյանը նշել է, որ տրանսպորտի ոլորտում Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության ամուր հիմքեր կան, որոնք կառուցվում են երկխոսությունների եւ երկկողմ հանդիպումների վրա։

Դեսպան Թիմուր Ուրազաեւը, ներկայացնելով Ղազախստանի տնտեսական հնարավորությունները, նշել է, որ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու նպատակով իրենց առաջնահերթություններից է ճանապարհաշինության եւ լոգիստիկայի ոլորտների զարգացումը, այդ համատեքստում՝ բեռնափոխադրումների դյուրացումը։

Նախարարն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսվում է  տրանսպորտի բոլոր տեսակներով փոխադրումների լիարժեք ազատականացում, ինչը կբերի ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների դյուրացման, սպասարկման որակի բարձրացման:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ ՏՏ ոլորտի զարգացման հնարավորություններին՝ նախարարն առաջարկել է կոնկրետ քայլեր ձեռնարկել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ կապի, հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: