Ֆրանսուա Ֆիյոնը, որը Հանրապետականներ կուսակցության թեկնածուն է Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար, քննիչներին ու հարկային տեսչությանը հետաքրքրել է նոր պատմություններով, որոնք կարող են քրեական գործերի վերածվել,հայտնում է RFI–ն։

Ֆիյոնի մասին գաղտնազերծումները մարտի 8-ին շարունակել է Canard enchaîné. երգիծական թերթը։ Հիշեցնենք որ 2017-ի հունվարի վերջին հենց այդ թերթի հրապարակումից հետո էր բորբոքվել այսպես կոչված #PenelopeGate–ը, որի հետեւանքով Ֆիյոնը կորցրել էր նախագահական մրցապայքարի ֆավորիտի կարգավիճակը։

Բայց Ֆիյոնի հարցաքննությունը այդ երկու պատմություններով չի սահմանափակվի, վստահեցնում է թերթը։

«Չբավարարվելով Ֆիյոնի փարիզյան բնակարանի ու նրա ընտանեկան ամրոցի խուզարկություններով, ոստիկանները ու քննիչները ընդլայնել են հետաքննությունը։ Նախ նրանք ուշադիր ուսումնասիրում են Ֆիյոնին պատկանող 2F Conseil գործակալության գործունեությունը, և հետո՝ քննիչները հետաքրքրվել են այն տարօրինակ վարկով, որը 2013-ին Ֆիյոնին էր տրամադրել միլիարդատեր Մարկ Լադրե Լաշարիերը։ Թերթի հարցմանն ի պատասխան՝ Ֆիյոնի փաստաբանը հայտնել է, որ վարկը արդեն վերադարձվել է։ Բայցեւայնպես վարկը տրամադրվել էր առանց տոկոսների ու առանց մարման ժամկետի, եւ հետո Ֆիյոնը դրա մասին չէր հիշատակել իր հարկային հայտարարագրում։ Դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել։

Իսկ Ֆիյոնի ամրոցում հարկային տեսուչները նաեւ գնահատել են ամրոցի վերանորոգման իրական արժեքը այն թվի հետ, որը Ֆիյոնն էր հայտնել՝ 750 հազար եվրո։ Ստուգողները կասկածում են, որ այդ նախահաշիվը միտումնավոր բարձրացված է, հարկերից խուսափելու համար։