Պակիստանի իշխանությունները կասկածում են, որ սահմանին Հնդկաստանի տեղադրած հսկայական դրոշը կարող է օգտագործվել երկիրը լրտեսելու նպատակով, հայտնում է The Independent.–ն։

Դրոշը բարձրացվել է մարտի 5-ին, դրա երկարությունը գերազանցում է 36 մետրը, իսկ լայնությունը՝ 24։ Իսկ դրոշի ձողի բարձրությունը գրեթե 110 մետր է։ Դրոշը տեսանելի է Պակիստանի Լախոր քաղաքից, որը սահմանից հեռու չէ։

Կոնստրուկցիայի հիմքը, որը 55 տոննա է կշռում, այնպես է կառուցված, որ այն կարողանա դիմանալ ժամում 180 կմ հզորությամբ քամիներին։ Նախագծի աժեքը կազմել է ավելի քան 530 հազար դոլար։

Ենթադրվում է, որ այդ դրոշը կգրավի նաեւ Հնդկաստան այցելող զբոսաշրջիկներին։ Ըստ էության Պակիստանը մտավախություններ ունի, որ այդ դրոշի վրա կարող է լինել տեսախցիկ, որը կարող է գործածվել լրտեսության նպատակով, ու կոչ է անում հեռացնել այն սահմանից։ Իսլամաբադը համարում է, որ հարեւան պետությունը խախտել է միջազգային պայմանագրերը։

Հնդկաստանի իշխանություններն էլ նշում են, որ դրոշը տեղադրվել է սահմանից 200 մ հեռավորության վրա, ինչը չի կարող խախտում համարվել։