Չորեքշաբթի օրը Տարանտո եւ Ռեջիո-դի-Կալաբրիա քաղաքների միջեւ գտնվող երկաթգծում 3 դեռահասներ որոշել են բախտը փորձել ու լուսանկարվել մոտեցող ճեպընթաց գնացքի ֆոնին: Սակայն նրանց մտահաղացումը ողբերգությամբ է ավարտվել՝ 13-ամյա Լեանդրո Չելիան զոհվել է՝ չհասցնելով լքել երկաթգիծը:  Նրա երկու ընկերները միայն թեթեւ վնասվածքներ են ստացել, սակայն դեռեւս շոկի մեջ են:

Դատախազությունում հարցաքննության ժամանակ նրանք ասել են, որ Լեանդրոն կամ շփոթվել է կամ էլ սայթաքել, երբ որոշել են թռչել հողաթմբից, սակայն արդեն ուշ էր:

Գնացքի մեքենավարը, ով այժմ ծանր հոգեբանական վիճակում է գտնվում, հաստատել է երեխաների ցուցմունքները: Նա ասել է, որ անսպասելիորեն երեք մարդու է տեսել, որոնցից երկուսը փախել են, իսկ երրորդը չի հասցրել: Նրա խոսքով՝ գնացքի արագությունը թույլ չի տվել կանգնեցնել այն՝ ողբերգությունից խուսափելու համար: