Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության միջավայրին, երկկողմ հարաբերություններին եւ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Կարեւորելով երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները, Վիգեն Սարգսյանն առանձնացրել է պաշտպանության ոլորտը, որտեղ ձեւավորվել են համագործակցության հարուստ ավանդույթներ եւ արդյունավետ մեխանիզմներ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է նախորդ տարեվերջին Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր գործընկերոջ հետ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց կատարման ընթացքի մասին: Իր հերթին պարոն Կոցիասը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ պաշտպանության ոլորտում տարբեր ծրագրերի իրականացման վերաբերյալ հունական կողմի պատրաստակամությունը:

Նախարարները կարծիքներ են փոխանակել նաեւ վերջին շրջանում տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների, առկա մարտահրավերների չեզոքացման ուղիների վերաբերյալ, պայմանավորվել են շարունակելու համատեղ ջանքերը միջազգային հարթակներում միմյանց դիրքորոշումները սատարելու ուղղությամբ: