Մշակութային գործիչներին եւ ստեղծագործական միություններին վարկաբեկելու,  գրական գործերը խեղաթյուրելու համար լրագրողներն այսուհետ «կարժանանան» «Կեղանք» մրցանակին: Նոյեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը` նշելով, որ նման մրցանակաբաշխության նախաձեռնությունը Գրողների միությանն է:

Մրցանակները սահմանվելու են ռադիոյի, հեռուստատեսության եւ տպագիր ու օնլայն մամուլի ներկայացուցիչների համար: Մրցանակաբաշխության անվանակարգերը դեռեւս պարզ չեն, սակայն որոշումներ կայացնելիս միությունն այն համաձայնեցնելու  է նաեւ մնացած ստեղծագործական միությունների հետ:

Մրցանակը հանձվելու է դեկտեմբերի վերջին: «Կեղանքին» արժանացած լրագրողները կստանան դիպլոմներ եւ 1937 թվականին թողարկված սովետական 3 ռուբլու պատճեներ:

«37 թվականի ռուբլու պատճեները 37 թվականի ոգով գրվածի նյութերի համար, իսկ 3 ռուբլին խորհրդանշում է խիղճը 3 ռուբլով վաճառողներին»,-ասաց Լեւոն Անանյանը:

Գրողների միության նախագահը հույս հայտնեց, որ այս մրցանակը որոշակի զսպիչ դեր կկատարի լրատվամիջոցների համար:

Լեւոն Անանյանը նաեւ տեղեկացրեց, որ ստեղծվել է ստեղծագործական միությունների նախագահների խորհուրդ, որի մեջ են մտնում նկարիչների, գրողների, թատերական գործիչների, ժուռնալիստների, կինոմատոգրաֆսիտների, կոմպոզիտորների եւ երաժշտական գործիչների, ճարտարապետների եւ նկարիչների միությունները: