Արցախում անցած տարվա հունիսին ժամկետային զինծառայող Ալբերտ Դալլաքյանի ծանր վիրավորում հասցնելու գործով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Ալբերտի մայրը՝ տիկին Արմինեն:
«Գործի նյութերն արդեն տրամադրվել է դատախազությանը: Քննիչը մեզ ասել է, որ դատերը Ստեփանակերտում են լինելու, սակայն ինչպես են այնտեղ հասնելու, չգիտեմ, հատկապես որ Ալբերտին այսքան ճանապարհ գնալ չի կարելի, իսկ ես նրան չեմ կարող թողնել Երեւանում մենակ ու ինքս Արցախ հասնել»,- ասաց տիկին Արմինեն:
Նշենք, որ Ալբերտի վիճակը հունվարին կտրուկ վատացել էր:
Ալբերտ Դալլաքյանը գլխի վիրավորումը ստացել է 2016թ. հունիսի 24-ին Արցախում: Ի սկզբանե ծնողները չեն իմացել, թե ինչ պայմաններում է նա վիրավորում ստացել, ավելի ուշ են պարզել միայն՝ ավագ լեյտենանտ Ավագ Նահապետյանն է կրակել: Սկզբում Դալլաքյաններն իմացել են, թե անզգույշ կրակոց է եղել, վերջերս էլ զորամասից տեղեկացել են, թե ավագ լեյտենանտը «խաղացել է» ուրիշի զենքով եւ այդ ժամանակ կրակել: Նահապետյանին մեղադրանք է առաջադրվել:
Ալբերտ Դալլաքյանը բռնցքամարտիկ է, ՌԴ-ից վերադարձել էր՝ հատուկ Արցախում ծառայելու համար: Նրա վիրավորվելուց հետո ընտանիքը վերադարձել է Երեւան:




























