Մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս փետրվարի 28-ին պայթուցիկ սարքի պայթյունից վիրավորված ժամկետային զինծառայող Նարեկ Գրիգորյանի վիճակը դեռեւս գնահատվում է ծանր, սակայն դրական դինամիկա կա:

NEWS.am-ին ՀՀ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից հայտնեցին, որ Նարեկի վիճակը կայունացել է:

«Նարեկը դեռեւս Վերակենդանացման բաժանմունքում է: Առաջիկայում նա վիրահատության է ենթարկվելու, քանի որ փափուկ հյուսվածքների վնասում ունի»,- ասացին հոսպիտալից:

Վիրավորներից Պերճ Գաբրիելյանի վիճակն արդեն լավ է, նա գտնվում է հիվանդասենյակում: Երրորդ վիրավորը՝ Էրիկ Սահակյանը, որը գտնվում է կայազորային հոսպիտալում, նույնպես լավ է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գրիգորյանը, Պերճ Գաբրիելյանը և Էրիկ Սահակյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ):

Կատարվում է նախաքննություն: