Մաքսատան տվյալներով, արտահանման ծավալներով խոշորագույն 37 ապրանքներն ու ապրանքային խմբերը անցած տարի ապահովել են Հայաստանի ներմուծման կեսից ավելին՝ 54․2 տոկոսը։ Բայց «խոշորագույն» տերմինը մի քիչ պայմանական բնույթ ունի։ Այդ խմբի առաջատարի ու աութսայդերի միջեւ ծավալների հարաբերակցությունը  գրեթե 25 անգամ է։

Ինչպես հայտնի է, այդ առաջատարը երկար տարիներ եղել է բնական գազը։ Նույնիսկ արտածելով իրանական գազը  (որը Հայաստան է մտնում բարտերի պայմաններով)՝ ռուսական բնական գազը առաջատար է ու շատ առաջ է իր ամենամոտ մրցակցից՝ նավթամթերքներից։ Ինչպես տեսնում ենք, վերին երկու տողերում ամրապնդվել են էներգակիրները ։ Դե իսկ վարկանիշի երրորդ տեղը, դարձյալ ավանդաբար, զբաղեցնում են մարդատար ավտոմեքենաները։ Ավելորդ չէ հիշեցնել, որ վերջին տասը տարիներին Հայաստան է ներկրվել ավելի քան 300 հազար մարդատար մեքենա։

Հասկանալի է, որ ավտոմեքենաների պարկի հաստատուն աճը պահանջում է ավտոմոբիլային վառելիքի ներմուծման համապատասխան աճ։ Նկատենք, որ սպառողներին մատակարարվող գազի մոտ մեկ քառորդը  (անցյալ տարի ՝25․3 տոկոսը)  բաժին է ընկել ավտոգազալզակայաններին ու գրեթե մեկ երրորդը ՝ 31․5 տոկոսը՝ բնակչությանը։

Հինգ տարի առաջ՝ 2011-ին, հարաբերակցությունն ուրիշ էր, բնակչության մասնաբաժինը գերազանցում էր նախորդ տարվա մակարդակը (35․9 տոկոս) իսկ ավտոգազալցակայանների բաժինը ավելի քիչ էր ՝ 23․6 տոկոս։ Այդ ժամանակաշրջանում բացարձակ ցուցանիշներում տեղաշարժերը հետեւյալն են՝ բնակչությանը գազի մատակարարումները աճել են 30․3 մլն խորանարդ մետրով ( կամ էլ 5․5 տոկոսով) իսկ ավտոգազալցակայաններինը՝ գրեթե 105․0 մլն խորանարդ մետրով՝ 29 տոկոսով։

Ավտոգազալցակայաններին բնական գազի մատակարարումների գերազանցող աճը կապակցված է երկրում ավտոպարկի հաստատուն աճի հետ։ Ի դեպ, 2015-ին մարդատար մեքենաների ներմուծման անկումից հետո, հաջորդ տարի նորից գրանցվել էր աճ՝ 5․7 հազար մեքենայի, կամ էլ 21 տոկոսի։ Ընդ որում միջին մաքսային արժեքը նկատելիորեն նվազել էր 4885 դոլարից մինչեւ 3956 դոլար մեկ միավորի համար։ Կարելի է ենթադրել, որ ներմուծման մեջ էլ ավելի է աճել հին մեքենաների մասնաբաժինը։ Այսինքն այն ավտոմեքենաների, որոնք ոչ պատշաճ տեխնիկական սպասարկման դեպքում ավելի շատ վառելիք են սպառում, քան նորերը։

Վերջին հինգ տարիներին Հայաստանում բենզինի ու դիզելային վառելիքի մանրածախ գները հասել են իրենց առավելագույն նիշին 2013-ին, հետո աստիճանաբար նվազել են։ Արդյունքում բենզինն այդ ժամանակաշրջանում էժանացել է 14 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը՝ 18 տոկոսով։ Հետաքրքիր է, որ այդ նույն ժամանակաշրջանում խտացված գազի 1 խորանարդ մետրի գինը նվազել է ընդամենը 5 տոկոսով։ Բայց այն այնուամենայնիվ վարորդների համար ավելի ձեռնտու է , քան բենզինը, չնայած շարժիչի հզորությունը դրանից նվազում է

Սմբատ Գրիգորյան