Շոտլանդիան մտադիր է հաջորդ շաբաթ համաձայնեցնել անկախության մասին երկրորդ հանրաքվեի անցկացումը։ Այս մասին հայտնել է առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
2014-ին շոտլանդացիների մեծ մասը ՝55 տոկոսը, քվեարկել է Միացյալ Թագավորության կազմը պահպանելու օգտին, սակայն իշխող Շոտլանդական ազգային կուսակցության ղեկավարության կարծիքով, իրավիճակը արմատապես փոխվել է ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու որոշումից հետո։
Սթերջենի խոսքով, եթե կրկնակի քվեարկությունը անցկացվի, ապա այն կկայանա 2018-ի աշուն- 2019-ի գարուն ժամանակահատվածում։ Ակնկալվում է, որ առաջին նախարարը կարող է բարձրացնել նոր հանրաքվեի հարցը Աբերդինում մարտի 17-18- ը անցկացվելիք կուսակցական համաժողովի ժամանակ։
Լոնդոնը պնդում է, որ 2014-ին շոտլանդացիները արդեն արտահայտել են իրենց տեսակետը, իսկ Շոտլանդիայի իշխանությունները պարզապես «հրապուրվել են» անկախության գաղափարով ու չեն կարողանում կանգ առնել։




























