Զոհված ազատամարտիկ Կնյազ Համբարձումյանի կնոջը մեղադրանք է առաջադրվել եւ Շուշիից, եւ Սիսիանից 20 տարի շարունակ թոշակ ստանալու համար:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վալյա Հ.-ն 1994թ. Շուշիի զինկոմիսարիատում հաշվառվել է որպես զոհվածի այրի և օրենքով սահմանված կարգի համաձայն նույն թվականի ապրիլից մինչեւ 2016թ. օգոստոսի 1-ը ստացել թոշակ:

Վալյա Հ.-ն 1994 թվականին տեղափոխվել և բնակվել է Սիսիան քաղաքում: Թաքցնելով Շուշի զինկոմիսարիատից թոշակ ստանալու վերոնշված փաստը՝ 1997 թվականին Սիսիանի զինկոմիսարիատ է ներկայացրել իր և Կնյազ Համբարձումյանի ամուսնության վկայականը, սահմանված ձևի տեղեկանքը, որոնց հիման վրա նույն թվականի օգոստոսին նույնպես հաշվառվել է որպես զոհվածի այրի, նրան նշանակվել է ամսական 40 հազար 800 ՀՀ դրամ թոշակ: Կինը մինչև 2017թ. հունվարը շարունակաբար ստացել է թոշակ և պարգևավճար՝ պետությանը պատճառելով ավելի քան 11 մլն դրամի նյութական վնաս:

Զոհված ազատամարտիկի կնոջը մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով): Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: