Ինչպես գիտեք՝ հայրենական արտահանման ոլորտում երկու մշտական խնդիր կա։ Նախ ծավալով այն շատ զիջում է ներկրմանը, եվ հետո՝ գրեթե ամբողջովին բացակայում է դիվերսիֆիկացումը։

Հանուն արդարության նշենք, որ վերջին տարիներին արտահանման ու ներմուծման միջեւ հարաբերակցությունը բարելավվել է։ Ներկրման ծավալի տեսակետից ամենահաջողը եղել է 2014-ը։ Հիշեցնենք, որ այդ նույն տարին նշանավորվել է եւս մեկ ռեկորդով Ռուսաստանից մասնավոր դրամական փոխանցումների ծավալով ( դոլարով արտահայտված)։ Դրա համար էլ համեմատությունների համար հենց այդ տարին կդիտարկենք որպես բազային։

Եվ այսպես, 2014-2016 թթ արտաքին առեւտրային շրջանառության բացասական սալդոն կրճատվել է 1․4 մլրդ դոլարով։ Ընդ որում ներմուծման մեջ անկումը գերազանցել է 1․1 մլրդ դոլարը ,իսկ արտահանումը աճել է ավելի քան 0․2 մլրդ դոլարով։ Ինչպես տեսնում ենք, արտաքին առեւտրի մեջ տեղաշարժը մեծամասամբ կապակցված է ներմուծման անկումով։ Այնպես որ այն դժվար է միանշանակ գնահատել որպես դրական։

Ապրանքների տեսականին, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի քառանիշ կոդով, անցած տարի ընդգրկում էր ընդամենը ապրանքների 0․9 հազար տեսակ։ Համեմատության համար ասենք, որ ներմուծվում է գրեթե 1․4 հազար տեսակի ապրանք։

Մաքսատունն իր հաշվարկներում արտահանման ծավալով առանձնացնում է 37 խոշորագույն ապրանքներ։ Վերջինների տեսակարար կշիռը անցած տարի գերազանցել է 90 տոկոսը ու նախորդ տարվա համեմատ՝ աճել է 1․2 տոկոսային կետով։ Միայն մեկ ապրանք ՝ «պղնձի հանքաքարն ու խտանյութը», ապահովել է հայրենական արտահանման ծավալի ավելի քան մեկ հինգերորդ մասը ՝ 20․2 տոկոսը։

Ինչպես գիտեք, հումքային ապրանքներն ավելի շատ են ենթարկվում գնային տատանումների, քան պատրաստի արտադրանքը։ Եվ պղինձը բացառություն չէ։ Լոնդոնի մետաղների բորսայում պղնձի գները, հասնելով իրենց առավելագույն նիշին 2011-ին, հետո սկսել են նվազման միտում ցույց տալ։ Միայն վերջին ամիսներին է պղինձը թեթեւակիորեն թանկացել։ Բայց արդյո՞ք այդ աճը կշարունակվի։

Շատ բան կախված է պղնձի խոշորագույն ներմուծողից ՝ Չինաստանից։ Ընթացիկ տարում այդ երկրում ակնկալվում է ՀՆԱ-ի 6․5 տոկոսի աճ, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին 26 տարիներին։ Իհարկե երկրների մեծ մասը կարող է երազել Չինաստանի հզոր տնտեսության ու ՀՆԱ-ի այդպիսի տեմպերի մասին։ Դրա համար էլ չինական տնտեսության դինամիկայում շեղման նույնիսկ մեկ տոկոսը կարող է ազդել հումքի շատ տեսակների ՝ այդ թվում պղնձի համաշխարհային գների վրա։

Սմբատ Գրիգորյան