Համաշխարհային կերպարվեստում կին նկարիչները քիչ են, ինչի համար մեղավոր են նաեւ տղամարդիկ։ Այս մասին այսօր` մարտի 15-ին, Հայաստանի նկարիչների միությունում` Կին նկարիչների ցուցահանդեսի փակմանն ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Վիքիպեդիան բացեցի և տեսա, որ գրեթե չկան: Երկար մտածելուց հետո հասկացա, որ մենք` տղամարդիկ կամ տղամարդ արվեստագետները, օգտագործում են կնոջ գեղեցկությունը, դրա համար ենք դառնում աշխարհահռչակ։ Թերևս դա մեր տղամարդկային հատկությունն է, որ չենք կարողանում տեսնել կնոջ ստեղծագործությունները»,– ասաց մշակույթի նախարարը։

Քանի որ ի պաշտոնե աշխատանքային ժամերին նախարարը իրավունք չունի նախընտրական քարոզչություն անել, Ամիրյանը փորձում էր հետեւել օրենքի տառին, այնուամենայնիվ, ինչ որ պահի գայթակղությանը չդիմացավ։

«Քանի որ ընդմիջման ժամ է, կարելի է նաեւ քարոզչական առումով ազատ լինել։ Չեմ պատրաստվում քարոզչություն անել, պարզապես ուզում եմ ասել, որ մեր նախանշած ծրագրերով և ձեր` մեզ նվիրած պայծառ ու վառ գույներով, ես համոզված եմ, որ մենք ամեն տարի զգալու ենք, որ ապրում ենք ավելի լավ Հայաստանում»,– կին նկարիչներին դիմեց նախարարը։

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ խուսափեց ուղիղ քարոզչությունից, մի փոքր փոխեց ՀՀԿ–ի կարգախոսը՝ կանանց մաղթելով «անվտանգություն եւ առաջադիմություն»։